Եվրախորհրդարանում ցանկանում են ստուգել պաղեստինցիներին ԵՄ-ի կողմից տրամադրած գումարների օգտագործումը

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը Եվրամիությանն առաջարկել է ստուգել, թե ինչպես է Պաղեստինում օգտագործվում Բրյուսելի կողմից կրթական նպատակներով տրամադրված ֆինանսական աջակցությունը, գրում է DW-ն:
Ըստ ԵԺԿ խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի՝ անհրաժեշտ է համոզվել, որ այդ միջոցները չեն օգտագործվում հակասեմականություն եւ հակաիսրայելական հայացքներ տարածող կրթական քաղաքականության համար:
«Եթե պաղեստինցիները ԵՄ-ից գումար են ստանում դպրոցական կրթության համար, ապա պետք է հարգեն եվրոպական արժեքները», - ասել է Վեբերը: Այդ արժեքները, ըստ քաղաքական գործչի, ներառում են նաեւ այլ կրոնների նկատմամբ հարգանքը, Իսրայելի ինքնիշխանությունը եւ ցանկացած տեսակի ահաբեկչությունից զերծ մնալը:
Մանֆրեդ Վեբերը նշել է, որ Պաղեստինում դպրոցական կրթության համար ԵՄ տրամադրած աջակցությունը հիմնականում ճիշտ է: Սակայն անընդունելի է, որ պաղեստինյան դպրոցական դասագրքերում հակասեմականություն դասավանդվի, հավելել է նա: Եվրախորհրդարանականը ԵՄ համապատասխան գերատեսչություններին կոչ է արել պաղեստինյան կրթական նյութերի փորձաքննություն անցկացնել:
Միեւնույն ժամանակ, Bild am Sonntag-ի տվյալների համաձայն, պաղեստինյան դպրոցական դասագրքերը ատելություն են սերմանում Իսրայելի եւ հրեաների հանդեպ: