ԱԷՄԳ-ն զրկվել է Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկների տվյալների հասանելիությունից
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաքեր Կալիբաֆը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն այլեւս իրավունք չունի ստանալ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) տեսախցիկների տեսագրությունները, գրում է Fars գործակալությունը։
Նրա խոսքով՝ տեսագրությունները, որոնք պետք է պահվեին երեք ամսվա ընթացքում, կփոխանցվեն ԱԷՄԳ-ին, եթե ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները, որոնք մտցվել են Վիեննայի բանակցությունների արդյունքում։
«ԱԷՄԳ-ն տեսախցիկների տեսագրությունների եւ AEOI տեղեկատվության հասանելիության իրավունք չունի վերջնաժամկետի ավարտվելու պատճառով»,- ասել է Կալիբաֆը կիրակի, խորհրդարանի բաց նիստում։
«Մենք համոզված ենք, որ «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական գործողությունների մասին» օրենքը եւ իրանական ժողովրդի շահերի պաշտպանությունը պետք է իրականացվեն կոնկրետ ժամանակով եւ սահմանված ժամկետներին համապատասխան»,- ասել է նա։
Իրանը եւ ԱԷՄԳ-ն փետրվարի 21-ին պայմանավորվել էին ժամանակավոր տեխնիկական լուծման մասին՝ իրանական միջուկային օբյեկտներում մոնիթորինգը մինչեւ երեք ամիս շարունակելու համար՝ հաշվի առնելով այդ երկրում փետրվարի 23-ից նոր օրենքի ուժի մեջ մտնելը, որով դադարեցվել է գործակալության հետ երաշխիքների մասին համաձայնագրի լրացուցիչ արձանագրության գործողությունը։
Նոր պայմանների համաձայն՝ կրճատվել են Իրանում ԱԷՄԳ տեսչությունների գործունեության ծավալն ու տեսակները, գործակալությունը զրկվել է միջուկային օբյեկտների տեսախցիկների պարունակության հասանելիությունից։ Թեհրանում նախազգուշացրել են, որ տեսախցիկների տվյալները կջնջվեն երեք ամիսը լրանալուց հետո, եթե ԱՄՆ-ը չչեղարկի Իրանի դեմ մտցված պատժամիջոցները։