Հնդկաստանում սպանության կասկածանքով ձերբակալվել է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Հնդկաստանում ձերբակալվել է հայտնի մարզիկ, Լոնդոնի օլիմպիական խաղերում երկրի դրոշակակիր, աշխարհի չեմպիոն Սուշիլ Կումարը: Նա կասկածվում է սպանության համար, գրում է Սինխուա գործակալությունը:
Ազատ ոճի նախկին ըմբիշ, 38-ամյա Սուշիլ Կումարը մայիսի 4-ին փախուստի է դիմել այն բանից հետո, երբ մարզադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարզիկ է սպանվել:
Հայտնի մարզիկը հարձակվողներից մեկն է եղել: Ոստիկանությունը նույնիսկ 1400 ԱՄՆ դոլար պարգևատրում էր հայտարարել նրա գտնվելու վայրի մասին տեղեկության համար:
Նա ձերբակալվել է Արևմտյան Դելիի Մունդկա գյուղում:
Կումարը 2010 թվականի աշխարհի չեմպիոն է մինչև 66 կգ քաշային կարգում: Նա նաև նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե (2008) և արծաթե (2012) մեդալները: