ԵՄ անդամ պետությունների ղեկավարները Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը
ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն առաջիկա գագաթնաժողովում քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովան:
«ԵՄ-ի կողմից կրկնվում են Ռուսաստանին ուղղված լեգիտիմ պահանջները՝ վերջ տալ հիբրիդային և կիբերնետիկ պատերազմներին, հարգել մարդու, ամենից առաջ՝ Ալեքսեյ Նավալնու իրավունքները, ինչպես նաև՝ իրագործել Մինսկի համաձայնությունները: Կարծում եմ՝ գագաթնաժողովում խոսվելու է այն մասին, որ Եվրամիությունը ցանկանում է զերծ մնալ Ռուսաստանի պես մերձակա հարևանի հետ բախումից, բայց վերջինը կարծես որոշել է իրեն որպես հակառակորդ դիրքավորել, իսկ այդ դեպքում այլ բան չի մնում, քան դրան հակադարձելը»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Ըստ նրա՝ առաջիկա գագաթնաժողովում, հավանաբար, քննարկվելու է Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ ռուս դիվանագետների արտաքսումը շարունակելու փոխարեն:
Յուրովան կանխատեսել է, որ պատժամիջոցներ սահմանելու հարցում առավել կոշտ կարող են արտահայտվել Չեխիան, Լեհաստանն ու Լատվիան, մինչդեռ Արևմտյան Եվրոպայի պետությունները Ռուսաստանի քայլերին հակված են առավել մեղմ արձագանքել:
ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 24-25-ին, Բրյուսելում: