Հռոմի պապը պապամոբիլը կփոխարինի նոր մոդելով, որն ամբողջությամբ աշխատում է մարտկոցներով
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով հաճախ է բարձրաձայնում բնապահպանական խնդիրների մասին, իր պապամոբիլը կփոխարինի նոր մոդելով, որն ամբողջությամբ աշխատում է մարտկոցներով: Այս մասին Twitter-ի իր էջին հայտնել է ընկերության հիմնադիր Հենրիկ Ֆիսքերը:
«Ինձ համար պատիվ էր արժանանալ Պապի մասնավոր ընդունելությանը: Շրջակա միջավայրի եւ մեր ապագայի նկատմամբ պատասխանատվությունն այնքան կարեւոր են նրա համար: Ես անհամբեր սպասում եմ առաջին ամբողջությամբ էլեկտրական պապամոբիլի մշակմանը»,- գրել է Ֆիսքերը Twitter-ում:
Կապը Հռոմի պապի հետ, ինչպես Ֆիսքերը հայտնել էր NBC News-ին էլեկտրոնային փոստով, հաստատվել էր «ընդհանուր ընկերոջ [միջոցով], որն էլ կազմակերպել էր այդ հանդիպումը»:
Կաշվի փոխարեն ավտոմեքենայի սալոնում էկոլոգիապես մաքուր նյութեր կօգտագործվեն, որոնք պատրաստվում են օվկիանոսից արդյունահանված վերամշակված շշերից եւ պլաստիկից, իսկ Հռոմի պապի ավտոմեքենայի պաշտպանիչ գմբեթը կթաքցվի եւ անհրաժեշտության դեպքում դուրս կհանվի, գրում է NBC News-ը:
Ավանդաբար Պապերը ճանապարհորդել են Mercedes-Benz-ի կողմից Սուրբ Աթոռին տրամադրված տրանսպորտային միջոցներով, իսկ դրանցից առաջինը Հռոմի Պապ Պիոս XI ներկայացվել էր դեռ 1930 թվականին: Վերջին մոդելները թափանցիկ հատվածախցեր ունեին, որոնց մեջ Պապը կարող էր կանգնել լիարժեք անվտանգության մեջ: Դա անհրաժեշտ դարձավ 1981-ի մայիսին Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ մահափորձից հետո:
Իր հերթին, ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փորձում է ստվերում մնալ, երբ խոսք է լինում այն ավտոմեքենաների մասին, որոնցով նա ճանապարհորդում է` նախընտրելով Ford-եր, Jeep-եր եւ Fiat-ներ օգտագործել: