Վիսկի արտադրող գործարանը վարձել է կոկեր-սպանիելի. նա կփնտրի փայտանյութի թերությունները
Գիրվանի (Շոտլանդիա, Էյրշիր կոմսություն) Grant’s Whisky գործարանում նոր աշխատակից է հայտնվել՝ մեկ տարեկան կոկեր-սպանիել Ռոկոն։ Նա հայտնաբերելու է փայտանյութի թերությունները, որոնցից պատրաստվել են տակառները, տեղեկացնում է Nat-geo-ն։
Շան հոտառությունը (կախված ցեղատեսակից) 10 000 անգամ ավելի լավն է, քան մարդունը։ Նրանք հիանալի զգում են հոտը՝ շնորհիվ քթի հոտառական ռեցեպտորների, որոնք մոտ 300 մլն են, իսկ նրանց ուղեղի մի մասը, որը վերլուծում եւ մշակում է հոտերը, համամասնորեն 40 անգամ ավելին է, քան մերը։
Շները կարող են հայտնաբերել քաղցկեղի բջիջները, պայթուցիկ նյութերը, դեղամիջոցները, ինչպես նաեւ հետեւել ու գտնել կորած մարդկանց կամ կենդանիներին։ Հիմա նրանց այդ կարողություններին ավելացել է փայտանյութի թերությունները հայտնաբերելը։
«Փայտը բնական նյութ է, իսկ վիսկիի թորումը՝ օրգանական պրոցես, դրա համար մեր խնդիրը Grant’s Whisky-ում հետեւելն է, որպեսզի ամեն բան կատարյալ լինի, երբ վիսկին պահվում է կաղնե տակառներում։ Այնպիսի շան հոտառությունը, ինչպիսին Ռոկոն է, 40 անգամ ավելի ուժեղ է մարդու հոտառությունից, եւ մենք հատուկ ընտրել եւ վարժեցրել ենք Ռոկոյին՝ որսալու բոլոր թերությունները վիսկիի հասունացման ընթացքում»,- ասում է Grant’s Whisky-ի տնօրենի օգնական Քրիս Վուֆը։
Գործարանի աշխատակիցները նշում են, որ բացի անմիջական պարտավորություններից, Ռոկոն պատասխանատու է աշխատողների լավ տրամադրության համար։
«Ռոկոն ավելի շուտ աշխատող շուն է, քան ընտանի կենդանի, ուստի մենք հրահանգ ունենք չանհանգստացնել նրան, երբ նա ընդմիջում է հերթափոխների արանքում, բայց հաճելի էր հետեւել բարոյական ոգու բարձրացմանը գործարանում»,- ասում է կինոլոգ Սթյուարտ Ֆիլիպսը, որը վեց ամիս վարժեցրել է կոկեր-սպանիելին նոր հմտությունները ձեռք բերելու համար։
Վիսկին տակառներում հասունանում է առնվազն երեք տարի։ Էթանոլը ստիպում է նրան ներծծել բուրումնավետ քիմիական նյութերը փայտանյութից։ Այդ տակառները կարելի է կրակի տալ, որպեսզի դրանց ծխի լրացուցիչ բույր հաղորդվի։