Արքայազն Հարին վերջին մեկ տարում առաջին անգամ ցույց է տվել որդուն (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ցույց է տվել որդու դեմքը, հայտնում է Mirror պարբերականը։
Սասեքսի դուքսն Apple TV+-ի նոր փաստավավերագրական սերիալում խոսել է որդու՝ 2-ամյա Արչիի կյանքում մոր հնարավոր ներկայության մասին և ցույց տվել նրա դեմքը։ Այսպիսով՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին շեղվել են իրենց որոշումից՝ համաձայնելով, որ որդին երևա նոր փաստավավերագրական սերիալում։
Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը հայտնել էր, որ արքայական ընտանիքի անդամներից մեկը մտահոգություն էր հայտնել փոքրիկի մաշկի գույնի վերաբերյալ, սա առաջին դեպքն է, որ Արչիի դեմքը երևում է հանրությանը։
Հոլովակում Արչի Հարիսոնը խաղում է ծնողների հետ լողափին, իսկ մեկ այլ տեսարանում Լոս Անջելեսի իրենց տան բակում ճոճանակին նստած ճոճվում է հայրիկի հետ։ Փոքրիկն ուրախությունից ծիծաղում է, երբ նրան օրորում են։
Հոլովակում, որտեղ Հարին խոսում է մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան մասին, ցուցադրվում են ընտանեկան տեսարաններ։ «Երանի կարողանար հանդիպել Մեգանի հետ, երանի Արչիի կողքին լիներ», - ասել է արքայազնը և հավելել, որ «մայրիկ», «հայրիկ» բառերից հետո առաջին բառը, որ Արչին ասել է, եղել են «տատիկ», «Դիանա տատիկ» արտահայտությունները։
Հիշեցնենք, որ արքայադուստրը մահացել է Փարիզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ արքայազն Հարին ընդամենը 12 տարեկան էր։