«Մոնոլիտ». ՌԴ-ում սկսվել են բարձր ճշգրտության նորագույն հրթիռի նախանմուշի փորձարկումները
Ռուսական պետական «Ռոստեխ» կորպորացիայի մաս կազմող «Տեխմաշ» գիտահետազոտական-արտադրական կոնցեռնը սկսել է 122 մմ տրամաչափի նորագույն բարձր ճշգրտության «Մոնոլիտ» ավիացիոն հրթիռի նախանմուշի փորձարկումները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում տեղեկացրել է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Կոչկինը:
««Մոնոլիտ» հրթիռի մշակումն իրականացվում է նախաձեռնողական հիմունքներով: Ներկայում իրականացվում է մոդելների նախնական նախագծում և այլ փորձարկումներ՝ հիմնական տեխնիկական բնութագրերը պարզելու համար»,- ասել է նա:
Բացի այդ, Կոչկինը հավելել է՝ դրական արդյունքներ գրանցվելուն պես կքննարկվի հրթիռի փորձարարական նախագծման աշխատանքների կարգավորման հարցը, դրանց իրականացման ժամկետները և ֆինանսավորման աղբյուրները:
Այնուամենայնիվ, գործադիր տնօրենը պարզաբանել է, որ դեռ վաղ է խոսել «Մոնոլիտ»-ի պետական փորձարկումների ժամանակացույցի մասին:
Հայտնի է միայն, որ «Մոնոլիտ»-ը խիստ ճշգրտություն կունենա թիրախները խոցելու հարցում: Այլ բնութագրեր դեռ չեն բացահայտվել: