«Վերահսկվող կացություն». ՌԴ-ում հատուկ իրավական ռեժիմ կսահմանվի բնակության իրավունք չունեցող ներգաղթյալների համար
Ներգաղթյալների համար, որոնք Ռուսաստանի Դաշնությունում կացության իրավունք չունեն, սակայն ներկայիս հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով, չեն կարող լքել երկրի տարածքը, կներդրվի հատուկ իրավական ռեժիմ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին հղումով:
Նոր իրավական ռեժիմը, որը հայտնի է «Վերահսկվող կացություն» անվանումով, կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնց նկատմամբ, օրինակ, արտաքսման մասին որոշումների կատարումը կասեցվել է կամ ՌԴ-ից նրանց ելքը սահմանափակվել է՝ պատժաչափերը կրելու կամ դատական գործընթացներին մասնակցելու անհրաժեշտության պատճառով:
Բացի այդ, գերատեսչությունից հավելել են, որ ներդրվող ռեժիմի տարածման առնչությամբ քննարկվում է նաև այն օտարերկրացիների հարցը, որոնք վարակիչ հիվանդությունների առումով համարվում են սոցիալապես վտանգավոր: Մամուլի կենտրոնից հստակեցրել են՝ այս կատեգորիայում կընդգրկվեն այն մարդիկ, որոնց սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հարցերով դաշնային ծառայությունից հրահանգներ են տրվել սանիտարական որոշակի կանոնների պահպանման, այդ թվում՝ ինքնամեկուսացման առնչությամբ:
ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ այս իրավական ռեժիմի համար օրենքով կարող են սահմանվել մի շարք սահմանափակումներ: Քննարկվում է նաև Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելու հարցը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից «Վերահսկվող կացություն» ռեժիմի խախտման համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարվա մարտից շուրջ 1,6 միլիոն ներգաղթյալ չի լքել Ռուսաստանը: