Փաշինյանը եկել է իշխանության՝ իրականացնելու Ալիևի՝ 20 տարվա չարդարացված հույսերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2021 թվականի ապրիլի 14-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, մեղադրելով նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը, հայտարարել էր.
«Հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է:
...Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»:
Այս իրողությանը զուգահեռ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայկական կողմին կոչ է արել հրաժարվել Արցախի կարգավիճակի հարցից, ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս և փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ խոստանալով, որ դրանից հետո պատրաստ է հայկական կողմի հետ սերտ համագործակցության՝ էներգակիրների մատակարարման ոլորտում:
Իսկ ինչպես են արձագանքում Ալիևի պահանջներին ՀՀ խաղաղասեր իշխանությունները:
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում չի բացառել, որ Հայաստանից գյուղեր և անկլավներ են փոխանցելու Ադրբեջանին: Պետրոս Ղազարյանի հարցին՝ հնարավոր է արդյոք դեմարկացիայի արդյունքում ՀՀ-ից գյուղեր, անկլավներ տրվեն Ադրբեջանին, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Որևէ մեկը չի կարող այդ հարցին հստակ պատասխանել. մենք ինչ ենք անում, ինչպիսի սահմաններ ենք ունենալու, դա պետք է բանակցվի, պետք է քննարկվի»:
Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարել է. «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը: Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում այդ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ, կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը»: Նման մի միտք ԱԺ արտահերթ նիստին նշել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ է ստացվում․ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության՝ իրականացնելու Ալիևի՝ 20 տարիների չարդարացված հույսերը ու սահմանազատման գործընթացով մի շարք գյուղեր ու տարածքներ հանձնելու Ադրբեջանին: Եվ, որպես ձեռքբերում, նշում է, թե Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները կակտիվանան: Այս ամենն ինչի՞ գնով, բա արցախյան երկու պատերազմների ժամանակ հազարավոր նահատակվածների հիշատա՞կը...»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։