Մեկուկես ժամվա ընթացքում՝ ավելի քան 20 ստորգետնյա ցնցում. Չինաստանում երկրաշարժի հետևանքով մահացել է 1, վիրավորվել 21 մարդ (լուսանկարներ)
Երեկ երեկոյան Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգում տեղի է ունեցել 5,6-ից 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների շարք, որի հետևանքով մահացել է մեկ և վիրավորվել 21 մարդ, հայտնում է korrespondent.net լրատվականը՝ հղում տալով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը։
Նշվում է, որ մեկուկես ժամվա ընթացքում գրանցվել է ավելի քան 20 ստորգետնյա ցնցում՝ մի քանի րոպե ընդմիջումներով։
Երկրաշարժի օջախը գտնվել է 8-ից 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի գրանցման վայրերում բնակչությունն ավելի քան 9 միլիոն է։
Հեռուստաընկերության հայտնած տեղեկությունների համաձայն՝ տուժածներից 3-ի վիճակը ծանր է։ Նյութական վնաս է կրել ավելի քան 72,3 հազար մարդ․ մոտ 21 հազար մարդ տարհանվել է։