Ընդդիմությունը փորձելու է այս նստաշրջանում ևս բարձրաձայնել սահմանային լարվածության հարցը. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանում մայիսի 24-ին խորհրդի նիստ է սպասվում, որի ժամանակ կհաստատեն մայիսի 25-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը:
Մենք տեղեկացանք, որ մի քանի գերատեսչության տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաև օրենսդիրները պետք է ընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ:
Նշենք, որ ՀԾԿՀ-ի անդամության համար 4 թեկնածու է առաջադրվել, իսկ ՏՄՊՊՀ-ի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Շուշան Սարգսյանը:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Շուշան Սարգսյանի թեկնածության երաշխավորը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանն է, որին դեռ պետք է ընտրի իշխանական ֆրակցիան: Իսկ ինչ վերաբերվում է տարեկան հաշվետվություններին, ապա օրենսդիրներին կներկայացվի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական բանկի գործողության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձելու է այս նստաշրջանում ևս բարձրաձայնել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սահմանային լարվածության հարցը, ինչպես նաև այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։