Ալիևը մատնում է Փաշինյանին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Հետաքրքիր զուգադիպությամբ ու աննախադեպ պատահականությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը խոսում են նույն երևույթների մասին։ Խոսում են գրեթե համաժամանակյա ռեժիմով, խոսում են գրեթե իրար հերթ չտալով։
Նիկոլ Փաշինյանը ընտրությունների է գնում «Ապագա կա» կարգախոսով, որը իր պարագայում հնչում է՝ որպես սպառնալիք։
Իլհամ Ալիևը բառի բուն իմաստով խոսում է ապագայի մասին՝ հայտարարելով, որ պետք է փակել անցյալի էջը ու մտածել ապագայի մասին։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում է «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի մասին, հայտարարում է, որ դա շատ դժվարին ճանապարհ է, և ժամերի տարբերությամբ Ալիևը հայտարարում է․ «Որպես հարևաններ՝ մենք պետք է միասին ապրենք։ Դա, իհարկե, հեշտ չի լինի։ Այսօր քաղաքական գործիչների դերը պետք է հանգի նրան, որպեսզի մարդկանց բացատրվի, որ խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն համագործակցության և շփումների միջոցով»։
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանգիստ տոնով խոսում է սահմանազատման մասին՝ որպես բնականոն երևույթ ներկայացնելով իրողությունը, որ պատրաստվում է սահմանազատում նախատեսող փաստաթուղթ ստորագրել Հայաստանի ինքնիշխան տարածքում ժամ առ ժամ ավելացող ադրբեջանցի զինվորների առկայության պայմաններում։ Նույնն ասում է Իլհամ Ալիևն ու ադրբեջանական քարոզչամեքենան՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը սահմանների ճշգրտման բնականոն գործընթաց է։
Հետաքրքիր զուգադիպությամբ ու աննախադեպ պատահականությամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արտահայտում են իդենտիկ մտքեր։
Ընդ որում, նույնպիսի զուգադիպությամբ՝ երկուսն էլ այդ մտքերով ոչ միայն խաղում են միջազգային հանրության հետ, այլ ամրապնդում են սեփական իշխանությունը երկրի ներսում։
Բայց հանուն արդարության պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի մոտ դա ստացվում է շատ ավելի արդյունավետորեն, քան Իլհամ Ալիևի պարագայում։ Վերջինս, ըստ ամենայնի գիտակցված, իր ելույթներով ու հայ գործընկերոջ հայտարարությունների հետ լրիվ նույնական մտքերով գործնականում մատնում է Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև այդ նույնական մտքերը հնչում են գրեթե նույն ժամերին, երբ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հակառակորդներին մեղադրում է ադրբեջանական քարոզչություն իրականացնելու մեջ, այն դեպքում, երբ մարդիկ տեսնում ու լսում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քարոզում են մեկմեկու։
Գործատուների հարցում ոչ բոլորի բախտն է բերում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։