Մեր սխալ ընտրության համար չափազանց ծանր, ճակատագրական գին ենք վճարում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ճգնաժամն ու պարտությունները հետևում են մեկը մյուսին։ Փաշինյանի իշխանության պատճառով ձախողումների շարանն իր արձագանքն է ստանում նաև դիվանագիտական հարթության վրա, իսկ դրա անդառնալի հետևանքներից շատերը դեռ առջևում են։ Սա ոչ միայն ներքին խորը հոգեբանական ընկճախտի, այլև միջազգային իմիջի հարց է, երբ ողջ միջազգային հանրության աչքի առաջ Հայաստանը զիջում է իր սուբյեկտայնությունը։
Բայց Փաշինյանը, ում համար իշխանությունը պահելուց ավելի կարևոր բան չկա, շարունակում է կատարել Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները և հակառակորդի առաջ ստորացնել մեր ժողովրդին։ Այսինքն, Հայաստանին ու հայ ժողովրդին մի յուրատեսակ պատերազմ էլ նա է հայտարարել: Իշխանության ներսում Փաշինյանն անգամ չնչին դիմադրության չի հանդիպում։ Ճիշտ է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ակտիվացան լուրերն այն մասին, թե մեծ թվով իշխանական պատգամավորներ պատրաստվում են լքել «Իմ քայլը» խմբակցությունը, բայց ի վերջո ընդամենը մի քանի պատգամավորի հեռացումով թեման փակվեց այնպես, որ Ալեն Սիմոնյանը հպարտանում էր, թե իշխանական խմբակցությանը հաջողվեց շատ քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից։
Շատ քիչ կորուստներով... Փաստորեն այս մարդկանց համար կարևորը իրենց իշխանությունն անսասան պահելն է, իսկ Արցախի 75 տոկոսի կորուստը, հազարավոր զոհերը, անվտանգության կորուստը... կորուստներ չեն: Բայց շատ ավելի մտահոգիչ է հարցը, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանության ներսում չկան հայրենիքի ապագայով մտահոգ գործիչներ, ովքեր կարող են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ու անհամաձայնություն հայտնել։ Այսպիսի իրավիճակը նույնիսկ կարող էր ինչ-որ առումով ձեռնտու լինել հենց Փաշինյանին, քանի որ վերջինս հնարավորություն կստանար արտաքին դաշտում ցույց տալ, որ ի վիճակի չէ շարունակաբար զիջումների գնալ, ներքին հուժկու դիմադրություն գոյություն ունի, որն իրեն կաշկանդում է։
Բայց ստացվում է, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում տաքուկ տեղավորված մարդկանցից շատերը քաղաքական ու մասնագիտական առումով ոչ մի արժեք չունեն և, իրենց իսկ որակմամբ, Փաշինյանի ուսապարկից ավելին չարժեն, և դրա համար էլ իրենց փոխարեն ու առանց նրանց կարծիքը հաշվի առնելու Փաշինյանը որոշում է երկրի ապագան՝ թեկուզ այդ որոշումները երկրի շահերի դեմ են։ Ավելին, նրանցից ոմանք այնպիսի ջանասիրությամբ ու ստորաքարշությամբ են պաշտպանում «նաչալնիկին», որ հաճախ պարզապես անհեթեթություններ են դուրս տալիս, ու այս ամենն ուղղակի նողկանք է առաջացնում: Սա շատերի կողմից համարվում է արժանապատվության բացարձակ բացակայություն, երբ մանդատի և պարգևավճարների համար կարող ես թքած ունենալ երկրի ապագայի վրա:
Ու այս տրամաբանության, այս «ռասկլադի» պայմաններում Փաշինյանը նպատակ ունի կրկին «ուսապարկերի» հետ գնալ արտահերթ ընտրությունների։ Թերևս դա էր պատճառը, որ ԱԺ-ում իշխանականները հապշտապ կարգով անցկացրին ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու նախաձեռնությունը։ Հարցն այն է, որ անցած խորհրդարանական ընտրություններից արդեն երկուսուկես տարի ժամանակ է անցել, սակայն «քայլող» պատգամավորների մեծամասնությանը հանրությունը չի էլ ճանաչում, իսկ 2018-ին քվե են ստացել բացառապես Նիկոլ Փաշինյանի անունի շնորհիվ։ Մյուս կողմից՝ Փաշինյանին ինքնուրույն, մտածող գործիչների առկայությունը ձեռնտու չէ, որպեսզի հետո իր համար խնդիրներ չստեղծեն։ Այս երեք տարվա ընթացքում մենք անընդհատ տեղեկություններ ենք ստացել, որ Փաշինյանը իր նշանակումներում (2018-ին՝ նաև ցուցակ կազմելու գործում) առաջնորդվում է բացառապես այն չափանիշով, թե որքան է տվյալ անձը կամազուրկ, կամակատար, «շեֆի» հրահանգներն անվերապահ կատարող, հրամանները չքննարկող:
Ռեյտինգայինը իշխանություններին հարմար չէր նաև պայմանավորված նրանով, որ ընդդիմությունը մեծ ներուժ ունի տարածքներում ազդեցություն ունեցող գործիչների առումով։ Հիմա էլ դժվար է ասել՝ հունիսի 20-ին նշանակված ընտրություններն իրոք տեղի կունենա՞ն, թե՞ ոչ, քանի որ Նիկոլի Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ ամենաանհնարինը։ Այնուամենայնիվ, եթե ընտրությունները տեղի ունենան, ապա քաղաքացիները ընտրելուց պետք է իրենց աչքի առաջ ունենան այն հանգամանքը, թե ինչ է տեղի ունենում երկրի հետ, երբ խորհրդարանում հայտնվում են գործից անտեղյակ ու ընդամենը դեկորացիա ապահովող մարդիկ։
Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական առումով արժեք ներկայացնող խորհրդարան, որը առաջին հերթին հաշվետու կլինի իր ընտրողներին ու ձեռնամուխ կլինի ժողովրդի շահերի պաշտպանությանը, այլապես հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ ներքին զսպման մեխանիզմները չեն գործելու, և մի մարդ խորհրդարանի ու ժողովրդի հաշվին որոշումներ է ընդունելու, ինչպես այսօր է։ Ահա թե ինչ գին ենք վճարում 2018 թվականի ընտրությունների համար, երբ հապշտապ, առանց քաղաքական ուժերին ընտրական գործընթացին պատրաստվելու պատշաճ հնարավորություն տալու, էյֆորիկ տրամադրությունների ֆոնին ձևավորվեցին իշխանությունները։ Ծանր, չափազանց ծանր գին...»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: