«Գիշերվա երկուսին, երեքին. հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին. ահռելի աշխատանք էր». Շոյգուն պատմել է ԼՂ հարցով բարդ բանակցությունների մասին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն 66-րդ տարեդարձի կապակցությամբ հարցազրույց է տվել tvzvezda.ru կայքին`ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Արցախյան երկրորդ պատերազմին:
Նա ընդգծել է, որ ռուսական բանակը ներգրավված է Լեռնային Ղարաբաղում նոր ուժով վերսկսված հակամարտության կարգավորման գործում:
Շոյգուն մասնակցել է բանակցություններին, որոնք նախորդել են ՌԴ և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի` կրակի լիակատար դադարեցման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը:
«Ղարաբաղ մտցվեցին խաղաղապահ ուժեր: Մենք գիտենք, թե որքան ջանք է այդ հարցում գործադրել նախագահը: Քանի որ դրանք գիշերներ էին, գիշերվա երկուսը, երեքը: Հեռախոսազանգ մեկին, մյուսին, երրորդին: Առաջադրանք է դրվում: Մի խոսքով, ահռելի աշխատանք էր»,-պատմել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։