«Ես շատ անկեղծ էի, նա նույնպես»․ Լավրովն անդրադարձել է Բլինկենի հետ հանդիպմանը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռեյկյավիկում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ իր զրույցն անկեղծ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Լավրովի և Բլինկենի առաջին դեմառդեմ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 19-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում՝ Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպման շրջանակում։
«Երեկ չէ առաջին օրն Իսլանդիայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ մենք շատ բաների մասին ենք խոսել։ Ես շատ անկեղծ էի, նա՝ նույնպես, և ուշադիր լսում էր։ Ինչպես նաև ներկայացրեց իր դիրքորոշումները, որոնք, ինչպես գիտեք, ներառում են թե՛ Ռուսաստանի դեմ որոշ պնդումներ առ այն, իբր Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին թե՛ այն, իբր Ռուսաստանը կապ ունի որոշ կարևոր համակարգերի դեմ իրականացված հաքերային հարձակումների հետ։ Սակայն ես նրան հիշեցրի, որ այս ամբողջ ընթացքում խնդրել ենք գոնե մեկ ապացույց ներկայացնել», - ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ այս տարիների ընթացքում ոչ ոք Ռուսաստանի մեղավորությունը չի փաստել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բովանդակալից է անվանել գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի առաջին դեմ առ դեմ հանդիպումը:
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին միջոցառման ավարտից հետո հայտարարել է, որ կողմերը նախագահներին առաջարկներ կպատրաստեն հանդիպման համար, այդ թվում` ռազմավարական կայունության հարցերի վերաբերյալ: