Հայտնի է, թե այցելուների համար երբ կբացվի Էյֆելյան աշտարակը
Գրեթե իննամսյա դադարից հետո Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով SETE ընկերության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ սկզբնական շրջանում աշտարակի այցելուների թիվը սահմանափակ կլինի: Մասնավորապես, օրական մինչև 10 000 մարդ կկարողանա այցելել տեսարժան վայր, այնինչ համավարակից առաջ աշտարակ էր այցելում օրական 25 հազար մարդ:
Հիշեցնենք՝ Էյֆելյան աշտարակը փակ էր 2020 թվականի հոկտեմբերի վերջից:
Մայիսի 19-ից Ֆրանսիայում սկսվել է կարանտինային սահմանափակումների մեղմացման նոր փուլը՝ համավարակային իրավիճակի բարելավման ֆոնին: Այցելուների համար բացվել են թանգարանները, կինոթատրոնները, սրճարանները և ռեստորանները, ինչպես նաև հագուստի և կենցաղային տեխնիկայի խանութները: