Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում գնել Գրենլանդիան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ Միացյալ Նահանգներն այլևս չի ցանկանում գնել Գրենլանդիան, գրում է The Guardian-ը` մանրամասնելով, որ պետքարտուղարն այցելել է Դանիային պատկանող ինքնավար տարածք:
«Ես Գրենլանդիայում եմ, քանի որ ԱՄՆ-ն խորապես գնահատում է մեր համագործակցությունն ու ցանկանում այն ավելի ամրապնդել»,- լրագրողներին ասել է Բլինեկնն իր արկտիկական քառօրյա շրջագայության վերջին կանգառի ժամանակ:
Ընդ որում, նա իր խոսքում ընդգծել է, որ Գրենլանդիա չի եկել երկիրը գնելու համար` ակնարկելով, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը վերանայվել է:
Պատասխանելով այն հարցին` արդյոք Միացյալ Նահանգները իսկապես բացառել է Գրենլանդիան գնելու ծրագրերը, Բլինկենը ժպիտով ասել է.«Այո, կարող եմ հաստատել, որ դա այդպես է»:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019-ի օգոստոսին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է գնել Գրենլանդիան, ինչին ի պատասխան Դանիայի կառավարությունն այդ հայտարարությունը «անհեթեթ» էր որակել. երկրների միջև հարաբերությունները լարվել էին: