Նեթանյահուի հետ համեմատելու համար պատասխան կտաս. Էրդողանը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի «Երկաթե լեդի»-ի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 20-ին դատական հայց է ներկայացրել իր քաղաքական մրցակիցներից մեկի՝ «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեների դեմ` իրեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համեմատելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի աջակենտրոն «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեներն օրերս հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իսրայելական տարբերակն» է՝ արժանանալով Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության զայրույթին: Մերալ Աքշեները, որին անվանում են Թուրքիայի «Երկաթե լեդի», անցած երեքշաբթի խորհրդարանում նշել է, որ Էրդողանն ու Նեթանյահուն նմանատիպ մարտավարություն են կիրառել իշխանությունը պահպանելու համար:
Նրա խոսքով` Գազայում պաղեստինյան խմբավորումների դեմ Նեթանյահուի ռազմարշավը, որում Էրդողանը կատաղիորեն պաշտպանում է Պաղեստինին, դրդված էր ներքաղաքական նպատակներից և հասարակության աջակցությունը ստանալու ցանկությունից՝ 2 տարվա ընթացքում անցկացրած 4 ապարդյուն արտահերթ ընտրություններից հետո: «Էրդողանի իսրայելական տարբերակը՝ Բենյամին Նեթանյահուն, չի երկմտել հարձակվել խաղաղ բնակիչների վրա՝ իր քաղաքական մրցակիցներին հաղթելու և իր աթոռը պահպանելու համար»,-ասել է Աքշեները:
Ի պատասխան` թուրք ղեկավարը «Երկաթե լեդիի» մեկնաբանությունները համարել է «անբարոյական» և ավելացրել. «Նեթանյահուն երբեք չի եղել և չի լինի մեր ընկերը»: Հայցով Էրդողանն Աքշեներից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջում է 250 000 լիրա (շուրջ 30 000 դոլար):