Բլինկենը հայտարարել Է, որ օրերս կուղևորվի Մերձավոր Արևելք
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ օրերս մտադիր է այցելել Մերձավոր Արևելք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այսօր ես խոսել եմ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազիի հետ և ողջունել նրա կողմից այն բանի հաստատումը, որ կողմերը հրադադարի շուրջ պայմանավորվել են Եգիպտոսի միջնորդությամբ: Առաջիկա օրերին ես կուղևորվեմ տարածաշրջան և անհամբերությամբ եմ սպասում Իսրայելի արտաքին գործերի նախարարի և Պաղեստինի ու տարածաշրջանային մյուս ղեկավարների հետ հանդիպմանը»,-Բլինկենը գրել է իր Twitter-ում:
Հրադադարի շուրջ համաձայնագիրը Իսրայելի և Գազայի հատվածից պաղեստինյան խմբավորումների միջև ուժի մեջ է մտել Երեւանի ժամանակով 03:00-ից: Իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրադադարի սկսվելուց առաջ վերջին ժամերին Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի ուղղությամբ:
Պաղեստինցիները նույնպես հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Դիտորդները նշում են, որ այժմ հարկավոր կլինի համոզվել, որ երկու կողմերը իսկապես պատրաստ են տևական ժամանակ պահպանել հրադադարի ռեժիմը: