Բայդենը Նեթանյահուին խոստացել է վերականգնել «Երկաթե գմբեթ» համակարգը
Միացյալ Նահանգները կօգնի վերականգնել Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է Forbes-ը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ՀՕՊ համակարգի հարցը քննարկվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում:
«Ես վերահաստատել եմ իմ լիակատար աջակցությունը նրան` Իսրայելի «Երկաթե գմբեթ» համակարգը վերականգնելու գործում` հետագայում անվտանգության ու պաշտպանության հարցերում վստահ լինելու համար», -ասել է Բայդենը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Գազայի հատվածի ուղղությամբ ավիահարվածները դադարեցնելու մասին:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։ Երուսաղեմում հուզումները սկսվել էին մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել էին մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել էին մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: