ՌԴ անտառներից մեկում 160 միլիոն ռուբլի արժողությամբ զարդերով լի պահոց է հայտնաբերվել (լուսանկարներ)
Ռուսաստանի անտառներից մեկում հայտնաբերվել են 160 միլիոն ռուբլի արժողությամբ զարդեր:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին:
Վոլկն ասել է, որ 2018-ին մի կոլումբիացի, Կազանում ցուցահանդեսին մասնակցելուց հետո, ոսկերչական ընկերություններից մեկից գողացել է զարդերով լի չորս պայուսակ: Նրա խոսքով՝ կասկածյալը, 2021 թվականի մարտին Ռուսաստան արտահանձնվելուց և կալանքի տակ վերցվելուց հետո, խոստովանել է, որ զարդերը թաղել է Թաթարստանի մայրաքաղաքի թաղամասերից մեկի անտառային գոտում: Ավելի ուշ ոստիկանությունը խուզարկել է նրա մատնանշված տարածքը և գտել զարդերի պահոցը:
Ռուսաստանում գտնվող Կոլումբիայի քաղաքացի Էդգար Ալեխանդրո Վալերոն մեղադրվում է հատկապես խոշոր չափերի գողության համար: Ըստ հետաքննության տվյալների՝ 2018-ի հուլիսին Կազանի ցուցահանդեսային տաղավարում Seven Diamonds ոսկերչական ընկերության աշխատակցից նա գողացել է 160 միլիոն ռուբլի արժողությամբ զարդերով լի տոպրակներ, ինչից հետո անհետացել է:
Կազանի դատարանը հանցագործին ձերբակալել է հեռավար կարգով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2019-ի սեպտեմբերին կոլումբիացին ձերբակալվել էր Արգենտինայում, և միայն 2020-ի սեպտեմբերին էր հնարավոր դարձել նրա արտահանձնման վերաբերյալ դրական որոշում կայացնել: