ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք, եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը. ՊՆ
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին:
Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը: