«28-32 տարեկան ժամանակահատվածն իսկական մղձավանջ էր». արքայազն Հարրին նոր խոստովանություններ է արել` թագավորական ընտանիքին մեղադրելով «տոտալ անտարբերության» համար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, որն ամուսնանալուց որոշ ժամանակ անց սեփական կամքով վայր է դրել թագավորական ընտանիքի ավագի անդամի պարտավորություններն ու լիազորությունները և ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ասել է, որ իր կյանքը «մղձավանջ» էր ու թագավորական ընտանիքին մեղադրել է «տոտալ անտարբերության» համար:
Ինչպես հաղորդում է mirror.co.uk-ը, Սասեքսի դուքսն ուշագրավ խոստովանություններն արել է իր և Ուինֆրիի նոր հաղորդաշարի շրջանակում, որը վերաբերում է հոգեկան առողջությանը:
Արքայազն Հարին նշել է, որ կնոջը` Մեգան Մարքլին, հանդիպելուց հետո է սկսել թերապիա անցնել` չնայած, որ դրա կարիքը վաղուց ուներ: Նրա խոսքով` մոր` արքայադուստր Դիանայի մահից հետո հոգեկան լուրջ տրավմաներ է ստացել, սակայն ընտանիքից օգնություն ստանալու ամեն մի փորձ ավարտվել է լռությամբ կամ տոտալ անտարբերությամբ:
Նա նշել է, որ կյանքի` «28-32 տարեկան ժամանակահատվածն իսկական մղձավանջ է եղել»:
«Ընտանիքիս անդամներն ասում էին` ուղղակի խաղա և կյանքդ ավելի հեշտ կլինի: Բայց, գրողը տանի, մեջս այնքան բան կա մորիցս: Ինձ թվում է, որ ես համակարգից դուրս եմ, բայց շարունակում են դրանում խրված մնալ: Ինքդ քեզ ազատելու միակ միջոցը ճշմարտությունը պատմելն է»,-ասել է 36-ամյա արքայազնը:
Նա հավելել է, որ կյանքի ամենաերջանիկ շրջանը եղել է բանակում: Խոսելով իր տասնամյա ծառայության մասին` նա նշել է, որ վայելում էր այն, քանի որ հավասարը հավասարին էր մյուս զինվորների հետ, չուներ որևէ արտոնություն կամ առավելություն:
«Երջանիկ էի, քանի որ հագնում էի նույն համազգեստը, ինչ մյուսները, մարզվում էի այնպես, ինչպես մյուսները: Ինձ յուրահատուկ չէին վերաբերվում ծագմանս համար: Այնտեղ ինձ նորմալ էի զգում: Երիտասարդ տարիքում ես ինձ ամենալավը զգացել եմ Աֆղանստանում` մեդիայից հեռու»,-ասել է արքայազն Հարին:
Խոսելով հոր` թագաժառանգ արքայազն Չարլզի հետ հարաբերությունների մասին` նա նշել է.«Նա ինձ ասում էր, որ մեդիայի ուշադրությունն ու թագավորական թիմի անդամ լինելն այն է, ինչին պետք է սովորեմ: Բայց դա ինձ խելամիտ չի թվում: Միայն այն պատճառով, որ դու տառապել ես, չի նշանակում, որ երեխաներդ էլ պետք է տառապեն: Իրականում ճիշտ հակառակն է: Եթե տառապել ես, հնարավոր ամեն բան արա, որ երեխաներդ դրա միջով չանցնեն»: