ՌԴ մաքսային ծառայությունը հայտնել է Նիդեռլանդներ ուղարկվելիք 810 կգ հերոինի առգրավման մասին (լուսանկարներ)
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հայտարարել է «ոսկե կիսալուսնի» (Աֆղանստանի, Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող տարածքը, որտեղ տեղակայված են ափիոնային խաշխաշի (քնաբեր կակաչ) մեծ պլանտացիաներ,-Tert.am) երկրներից Արևմտյան Եվրոպա ուղարկվելիք 810 կիլոգրամ հերոինի առգրավման մասին: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության պաշտոնական կայքից:
Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ մաքսային ծառայությանը, որը համագործակցել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Ղրղզստանի իրավապահ մարմինների հետ, հաջողվել է ճնշել միջազգային հանցավոր խմբի գործունեությունը, որի անդամները պատրաստվում էին Նիդեռլանդներ ուղարկել 200-ական կիլոգրամանոց խմբաքանակով հերոին:
Գործողության շրջանակում բերման են ենթարկվել մի քանի անձինք: Գերատեսչության տվյալներով՝ նրանք հանցակիցներ և մաքսանենգության կազմակերպիչներ են: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: