Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկման ենթակա չէ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ, գրում է Trend.az կայքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք , Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հարավային Կովկասում համագործակցության և ինտեգրման հարցով ադրբեջանական կողմի արած առաջարկներին և հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսվել է:
«Մենք համագործակցության առաջարկ ենք արել Հայաստանին տրանսպորտային հարցերի շուրջ, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ: Գործընթացը սկսվել է, ընթացքի մեջ է: Դա հեշտ չէ, բայց սկսվել է, և մենք աջակցության կարիք ունենք ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, տարածաշրջանի երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից և ԵՄ-ից: Եվ ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այս հնարավորությունը, սա վերջին հնարավորությունն է»,- հավելել է Ալիևը: