Հյուսիսային Կարոլինայում ամիսներ շարունակ չեն կարողանում նույնականացնել ափ նետված խորհրդավոր կենդանուն
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ազգային պարկը ֆեյսբուքյան էջում տեղադրել է ափ նետված անհայտ կենդանու լուսանկարը՝ օգտատերերին խնդրելով «օգնել կենդանուն նույնականացնելու հարցում»։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ խորհրդավոր կենդանին ափ է նետվել ամիսներ առաջ, սակայն ազգային պարկի փորձագետները դեռևս չեն կարողացել նույնականացնել նրան։
«Մինչև հիմա նրան չի հաջողվել նույնականացնել։ Կարծում ենք՝ այն կարող է կաղամար լինել, բայց վստահ չենք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գրառման տակ մի շարք օգտատերեր, ինչպես նաև կենդանաբան Լուիս Զեյդբերգը նշել են, որ խորհրդավոր արարածը, իրոք, կարող է կաղամար լինել։
Կաղամարները ծովային կենդանիներ են. ապրում են բաց ծովերում։ Մարմինը գլանաձև է՝ հետին ծայրը սրացած, ունի 2 կողմնային եռանկյունաձև լողակներ։ Գլխին տեղադրված է 10 շոշափուկ՝ ծծիչներով, որոնցից 8-ը կարճ են, կոնաձև (կոչվում են ձեռքեր), իսկ 2-ը երկար են, ծայրերը՝ լայնացած (իսկական շոշափուկներ)։ Մարմնի երկարությունը (ձեռքերի հետ միասին) 2–7 մ է։ Ջրի հատակին շարժվում են «ձեռքերի» միջոցով, բայց կան նաև ազատ լողացող ձևեր (արգոնավորդներ)։
Օվկիանոսների ծանծաղուտներում, առափնյա և ոչ մեծ խորություններում բնակվող կաղամարները գիշատիչներ են։ Որոշ տեսակներ կատարում են հեռավոր գաղթ։ Ծանծաղուտների կաղամարները կարող են հեշտությամբ փոխել գունավորումը։ Խորջրյա տեսակները մուգ կարմիր երանգներով են կամ լրիվ թափանցիկ են։ Նրանցից շատերի աչքերի շուրջը և շոշափուկների ծայրերին կան լուսարձակող օրգաններ՝ լուսակիրներ. այդպիսին է, օրինակ, «հրաշք լամպ» կաղամարը։ Հսկա կաղամարները (արխիտևտիստներ) ժամանակակից անողնաշարավորներից ամենախոշորն են. մարմնի երկարությունը 18 մ է, զանգվածը՝ 300 կգ և ավելի։ Բնակվում են բաց օվկիանոսում՝ մի քանի կիլոմետր խորություններում։
Կաղամարները շատ ձկների, ատամնավոր կետերի, թռչունների կեր են, ունեն նաև որսարդյունագործական նշանակություն. նրանց որսում են ոչ միայն սննդի համար, այլև որպես դեղագործական արդյունաբերության հումք։
Նրանք սովորաբար այս տեսքն ունեն՝