ԱՄՆ-ն 240 մլն դոլար կծախսի 20 երկրում ռազմական օբյեկտների շինարարության վրա. RT
ԱՄՆ-ն նախատեսում է 240 միլիոն դոլար ծախսել աշխարհի 20 երկրներում, մասնավորապես Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, այդ թվում՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում, ռազմական օբյեկտների շինարարության վրա, գրում է RT-ն:
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսը պատրաստվում է ուսումնասիրել հավանական կապալառուներին: Նրանք կնախագծեն շենքերի կառուցվածքներ, այդ թվում՝ օդանավակայաններ և հարակից շենքեր, ճանապարհներ, նավահանգիստներ, արտադրական ձեռնարկություններ, ջրատարներ, հիվանդանոցներ, էլեկտրակայաններ և այլն:
Բացի այդ, նախագիծը կներառի ինքնաթիռների ենթակառուցվածքների՝ թռիչքուղիների, թռիչքի և վայրէջքի ուղիների և կառամատույցների կառուցում: Պենտագոնի պահանջների համաձայն՝ կապալառուները պետք է աջակցություն ցուցաբերեն շինարարական աշխատանքների բոլոր փուլերում՝ ապահովելով ինժեներների և ճարտարապետների ծառայությունները: Ընկերությունների հետ պայմանագիրը կստորագրվի հինգ տարի ժամկետով: