Շերն իր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ անակնկալ է մատուցել երկրպագուներին (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 20-ին, աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ ավելի քան 5 տասնամյակ երգչուհու կարիերա ծավալող Շերիլին Սարգսյանը (Շեր), տոնում է ծննդյան 75-ամյակը։ Այդ կապակցությամբ երգչուհին անակնկալ է մատուցել երկրպագուներին։
Շերը Twitter-ում հայտնել է, որ Universal Pictures կինոստուդիայի հետ համագործակցությամբ իր անձնական և մասնագիտական ուղու մասին կենսագրական ֆիլմ կստեղծվի։
Սցենարի հեղինակը կլինի օսկարակիր սցենարիստ Էրիկ Ռոտը, ռեժիսորը՝ Ջուդի Քրեյմերը։ Կենսագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներին կմասնակցի նաև Շերը։
Նշենք, որ դեռևս հայտնի չէ ֆիլմի անունը, թողարկման ամսաթիվն ու դերասանական կազմը։
Շերը ծնվել է 1946թ.-ի մայիսի 20-ին՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Էլ Սենթրո քաղաքում: Նրա հայրը հայազգի Ջոն Սարգսյանն է, մայրը՝ ամերիկացի դերասանուհի Ջորջիա Հոլթը:
Իր հայկական արմատների մասին երգչուհին իմացել է միայն 11 տարեկանում, երբ առաջին անգամ հանդիպել է հորը: Երգչուհին առաջին անգամ Հայաստան է այցելել 1988թ.-ի երկրաշարժից հետո։