Զասը մտահոգված է ՀԱՊԿ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության աճով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգված է ՀԱՊԿ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվությամբ: Այս մասին նա հայտարարել է մայիսի 19-ին, Դուշանբեում, կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ, գրում է EurAsia Daily գործակալությունը:
«Ցավոք, համաշխարհային անվտանգության ոլորտում դրական տեղաշարժեր չկան: Իրավիճակը գործնականում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների ողջ պարագծով շարունակում է լարված մնալ: Մեր կազմակերպության պատասխանատվության արևելաեվրոպական գոտու սահմաններին մոտ ավելի ակտիվորեն է գործարկվում ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ներկայությունն ու ռազմական ակտիվությունը»,-նշել է գլխավոր քարտուղարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ: