Թուրքիայում նկատվում է «իշխանության գերկենտրոնացում». Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի ասոցացումը
Եվրախորհրդարանը պնդում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները պետք է կասեցվեն: Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են պատմական ցածրագույն մակարդակի՝ վատթարանալով այն աստիճանի, որ դրանց էական վերանայման կարիք կա, ասված է Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված զեկույցում, գրում է korrespondent.net կայքը:
Անկարան շարունակում է հեռանալ կառույցի արժեքներից ու նորմերից, շեշտել են եվրախորհրդարանականները: Նրանց համաձայն՝ Թուրքիայում նկատվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «իշխանության հիպերկենտրոնացում»: Բացի այդ, խորհրդարանականները մտահոգված են Անկարայի արտաքին քաղաքականությամբ, այդ թվում` Հունաստանի և Կիպրոսի, ինչպես նաև Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին Թուրքիայի ներգրավմամբ:
Թուրքական կողմը զեկույցը ոչ օբյեկտիվ է համարել: Անկարան սխալ է համարել մարդու իրավունքների իրավիճակի և երկրում օրենքի գերակայության վերաբերյալ ԵԽ պնդումները:
ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է, կառույցին անդամակցելուց կշահի ամբողջ Եվրոպան, ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարությունը: