ՌԴ-ն Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսի հունիսի 15-ից ոչ շուտ. Bloomberg
Մոսկվա այցի ժամանակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին չի հաջողվել Ռուսաստանի իշխանություններին համոզել հունիսի 2-ին ամբողջ ծավալով վերսկսելու երկրների միջև ավիահաղորդակցությունը, բայց չվերթների կատարման արգելքը կարող է հանվել հունիսի 15-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրքական պատվիրակության անդամներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 17-ին Մոսկվա է ժամանել Թուրքիայի պատվիրակությունը՝ մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի և առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունայի գլխավորությամբ:
Այցից հետո Քալինն ասել է, որ կողմերը պայմանավորվել են այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Ռուսաստանից թռիչքները սկսելու համար, հաղորդում է Bloomberg-ը: Քալինը հավելել է, որ ավիահաղորդակցության կվերսկսման ժամկետները կորոշվեն առաջիկայում:
Բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտարարել է, որ թռիչքների արգելքը չի հանվի հունիսի 1-ին, և ավիահաղորդակցությունը սկսելու ամենավաղ ժամկետը կարող է լինել հունիսի 15-ը:
Էրսոյն իր հերթին հայտարարել է, որ «ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին թուրքական պատվիրակության խնդրանքը դրականորեն է գնահատվել ռուսաստանյան իշխանությունների կողմից, բայց պաշտոնյաները մի փոքր ժամանակ են խնդրել կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գնահատելու և վերջնական որոշում ընդունելու համար»:
Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով, տուրօպերատորներին արգելվել է այնտեղ ուղեգրեր վաճառել:
Մայիսի 17-ին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի և Էրսոյի բանակցությունների արդյունքներով՝ Ռուսաստանի իշխանությունները որոշել են մասնագետների ուղարկել Թուրքիա՝ առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը և ավիահաղորդարկցության վերսկսման հեռանկարներն ուսումնասիրելու համար: