Էմին Աղալարովը չի բացառել «Ժառա» երաժշտական փառատոնի անցկացումը Շուշիում
Ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը մտադիր է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում անցկացնել ամեն տարի Բաքվում կազմակերպվող «Ժառա» երաժշտական փառատոնը:
Այս մասին Աղալարովն ասել է ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ` ընդգծելով, որ պատրաստ է փառատոնը Շուշիում անցկացնել, եթե պայմանները թույլ տան, սակայն առայժմ ԼՂ-ի` Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում նման հնարավորություններ չկան:
«Ես և բոլոր արտիստ գործընկերներս պատրաստ ենք ելույթ ունենալ Ղարաբաղում: Ամեն ինչ հնարավոր է, եթե լինի համապատասխան ենթակառուցվածք: «Ժառա»-ն կազմակերպելը նշանակում է Շուշի տանել 200 արտիստ, երաժիշտ: Այդ մարդկանց հինգ օր շարունակ պետք է ինչ-որ տեղ տեղավորել: Ներկայում դա անհնարին է: Բայց լիահույս եմ, որ շուտով կստացվի»,-ասել է Աղալարովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։