«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:
Նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը և նշել.
«Պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է տալիս հանրությանը՝ ստեղծված իրավիճակի մասին: Իրադրությունը կայուն է, բայց լարված, և, մյուս կողմից, պետք է ընդգծեմ՝ անընդունելի մեզ համար: Որովհետև մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Իհարկե, մեր Զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Սա մեր առաջնային մոտեցումը և նպատակն է:
Դուք տեղյակ եք, որ մենք դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընթացակարգերով որոշակի գործառույթներ իրականացնելու հարցով: Մասնավորապես, գիտեք, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կանոնակարգ, և մենք, այդ կանոնակարգին համաձայն, գործողություններ իրականացնելու ենք: Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և մենք շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ:
Նաև շարունակելու ենք դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ միջազգային հանրությանը իրադրության մասին ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ:
Շարունակելու ենք, բնականաբար, աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Տեղյակ եք նաև, որ աջակցության խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին, և կոնսուլտացիաներն այս ուղղությամբ նույնպես կշարունակվեն:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի գործողությունները համարում եմ ապակառուցողական: Նրանք տարածաշրջանի լարվածությունն ավելացնելուն միտված քայլեր են ձեռնարկում: Մեր գնահատումն այն է, որ նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը:
Հիշեցնեմ՝ հունվարի 11-ի հայտարարությունը վերաբերում էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարանցիկ բեռնափոխադրման հարցերի կարգավորմանը: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ, այլև սա համարում ենք մեզ համար կարևոր տնտեսական առաջնահերթություններից մեկը: Բայց նաև ուզում եմ կրկին ընդգծել, որ Հայաստանը երբեք չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային» որևէ տրամաբանություն: Մենք խոսում ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին:
Ընդհանուր առմամբ մեր տպավորությունն այն էր և շարունակում է այն մնալ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից գլխավորվող եռակողմ հանձնաժողովը բավական արդյունավետ և կառուցողական աշխատանք է տարել, և մնում է այդ աշխատանքների արդյունքներն իմպլեմենտացնելու մասին մտածել: Եվ տարօրինակ է, որ այդ փուլում իրագործվեց այս սադրանքը:
Կրկին ուզում եմ ընդգծել, որովհետև շատ կարևոր է, այսպես ասած, թացը չորից տարբերել. տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ոչ միայն ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, այլև մեզ համար կարևոր առաջնահերթություն է: Որովհետև համաձայն այն պայմանավորվածությունների, որ մենք ունենք, Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Խոսքը բեռնափոխադրումների մասին է, իհարկե: Հետագայում, ընդհանուր իրավիճակի կարգավորման դեպքում, կարելի է քննարկել նաև այդ ուղղություններով ուղևորափոխադրումների հարցը:
Ինչո՞ւ եմ ասում՝ մենք պետք է տարբերակենք իրարից. որովհետև ճանապարհների բացումը, այո, մեզ համար կարևոր է: Մենք հունվարի 11-ի հայտարարությունն ստորագրել ենք, քանի որ այդ հայտարարությունը բխում է մեր շահերից: Մենք հետևողականորեն աշխատելու ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Բայց ինչո՞ւ եմ այս մասին ասում, որովհետև զգում եմ, որ հանրային դիսկուրսում փորձ է արվում սա նույնականացնել ինչ-որ «միջանցքների» մասին խոսակցության հետ:
«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ հարցի էությունը հենց այսպիսին է, և մենք հենց այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվելու:
Ինչ վերաբերում է սահմանային իրադրությանը, կրկին ասում եմ, որ մեզ համար դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ, տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն, և կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը դիվանագիտական ջանքերը շարունակում է՝ հարցը լուծելու համար: Իհարկե, սա չի նշանակում, որ մեր Զինված ուժերն անգործության են մատնված, Զինված ուժերն էլ իրենց հերթին իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ: Բայց մեր առաջնահերթությունը և խնդիրն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը որևէ ձևով դուրս գա վերահսկողությունից»: