Ավստրալիայում սկսվել է պատմության մեջ «ամենաառեղծվածային գործով» արտաշիրիմումը. իրավապահներն քննում են տղամարդու սպանությունը, որի ինքնությունը վերջին 70 տարում չի պարզվել (լուսանկարներ)
Ավստրալիայի ոստիկանությունը սկսել է երկրի պատմության մեջ «ամենաառեղծվածային գործով» արտաշիրիմումը:
Այս մասին գրում է ABC հեռուստաալիքը, նշելով՝ իրավապահները քննում են անհայտ անձի սպանությունը, որի ինքնությունը վերջին 70 տարում չի պարզվել:
Նշվում է՝ անհայտ անձի մարմինը հայտնաբերվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին Ավստրալիայի Սոմերտոն քաղաքի լողափում: Ավելի քան 70 տարի ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ հետազոտողները չեն կարողացել պարզել տվյալ անձի ինքնությունն ու նրա մահվան պատճառները:
Վարկածներ կան այն մասին, թե ով կարող է լինել այդ տղամարդը: Դրանց համաձայն՝ նա կարող է լինել «սառը պատերազմում» ներգրավված հետախույզից մինչև լքված սիրեկան: Ըստ որոշ տեսությունների՝ նա մահացել է թունավորման պատճառով:
Տղամարդու թաղման վայրում կա գերեզմանաքար «Այստեղ է հանգչում անհայտ անձը, որը հայտնաբերվել է Սոմերտոնի լողափում 1948 թվականին դեկտեմբերի 1-ին» մակագրությամբ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի ժամ տևած արտաշիրիմումից հետո ոստիկանությանը հաջողվել է գտնել «անհայտ անձի» կմախքի մնացորդները:
Ենթադրվում է, որ այժմ հնարավոր կլինի կազմել նրա ԴՆԹ պրոֆիլը, ինչը կօգնի որոշել նրա ինքնությունը և, հնարավոր է, հարազատներին: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է, որ ԴՆԹ նմուշ վերցնելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ թաղումից առաջ մարմինը զմռսվել է ֆորմալդեհիդով, ինչը կարող էր ոչնչացնել ԴՆԹ-ի մեծ մասը:
Ավելի վաղ Հարավային Ավստրալիայի ոստիկանությունը գլխավոր դատախազից հրաման էր ստացել արտաշիրիմել մարմինը՝ «հասարակության մեծ հետաքրքրության» ֆոնին:
Ինչպես նշում է ABC- ն, գործի «առեղծվածների» շարքում են անհայտ անձին պատկանող իրեր, որոնցից կտրվել են բոլոր պիտակները, ինչպես նաև հատված Օմար Խայամի «Թամամ շուդ» բանաստեղծություններից, որը թարգմանաբար նշանակում է «Ամեն ինչ ավարտված է»:
Հետաքննության շրջանակում հայտնաբերվել է նաև մի թուղթ, որի վրա նշված է եղել հեռախոսահամար և մի շարք նամակներ, որոնք ծածկագրի կարգավիճակ են ստացել: Վերջիններս վկայում են այն մասին, որ «Սոմերտոնի մարդը» կարող է լրտես լինել: Այնուամենայնիվ, ծածկագիրը վերծանելու բոլոր ջանքերը ձախողվել են: