«Այս փոքրիկ օրհնությունն ինձ ընտրեց որպես իր մայր»․ 50-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ մայրացել է (լուսանկարներ)
Լեգենդար սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որն օրեր անց՝ մայիսի 22-ին, կտոնի ծննդյան 51-ամյակը, առաջին անգամ մայրացել է։ Այդ մասին սուպերմոդելը հայտնել է իր ինստագրամյան էջում արված գրառման մեջ։
«Այս գեղեցիկ փոքրիկ օրհնությունն ինձ ընտրեց որպես իր մայր։ Այս նուրբ էակին իմ կյանք ընդունելը մեծ պատիվ է։ Բառերն ի զորու չեն նկարագրելու այն հավիտենական կապը, որն ինձ միավորել է քեզ հետ, իմ հրեշտակ»,- գրել է Քեմփբելը։
Գրառմանը կից սուպերմոդելը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ ափի մեջ պահում է նորածնի փոքրիկ ոտքերը։
Մայրանալու առթիվ մի շարք երկրպագուներ և աստղեր սոցցանցերում շնորհավորել են Քեմփբելին։
«Աստվա՛ծ իմ։ Երկուսդ էլ բախտավոր եք, որ ունեք միմյանց։ Դու հրաշալի մայր կլինես»,- Instagram-ում գրել է հայտնի դիզայներ Մարկ Ջեյքոբսը։
Նշենք, որ մոդելը դեռևս չի հայտնել՝ ով է իր աղջկա հայրը։
2018 թվականին Քեմփբելը Vogue Arabia-ին ասել էր. «Ես կցանկանայի երեխաներ ունենալ։ Ես սիրում եմ երեխաներին և միշտ կսիրեմ: Երբ ես երեխաների կողքին եմ, ինքս էլ երեխա եմ դառնում»։
Քեմփբելն իր մոդելային կարիերան սկսել է 1986 թվականին և այսօր էլ մնում է նորաձևության աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը։ Նա դարձել է առաջին սևամորթ մոդելը, որը հայտնվել է Vogue ամսագրի շապիկին։