«Թույլ չենք տա, որ Չինաստանը հաղթի ապագայի այս մրցավազքում». Բայդենը հայտարարել է էլեկտրական մեքենաների շուկայում ԱՄՆ-ի՝ Չինաստանին շրջանցելու մտադրության մասին (տեսանյութ)
ԱՄՆ-ն մտադիր է էլեկտրական մեքենաների շուկայում առաջ անցնել Չինաստանից՝ Պեկինին «գցելով» աշխարհում առաջատարի դիրքից:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում Ֆորդի մեքենաների գործարանում ունեցած ելույթի ժամանակ, գրում է The Washington Post-ը:
«Ավտոմոբիլային արդյունաբերության ապագան էլեկտրական մեքենաներն են: Հետդարձ չկա: Եվ հարցն այն է, թե արդյոք մենք կլինենք առաջնորդի դիրքերում, թե հետ կմնանք ապագայի այս մրցավազքում»,- ասել է Բայդենը և հավելել՝ ներկայում Չինաստանը գլխավորում է այս մրցավազքը:
«Պետք չէ խաբել ինքներս մեզ, դա պարզապես փաստ է»,- խոստովանել է ԱՄՆ նախագահը:
Բայդենի կարծիքով՝ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն առաջատարն էր այս ոլորտում, և երկիրն ավելի շատ ներդրումներ էր կատարել էլեկտրական մեքենաների տեխնոլոգիայի մեջ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր:
«Հիմա մենք ութերորդն ենք, իսկ Չինաստանն առաջինն է: Չինաստանում նրանք ունեն աշխարհում ամենամեծ և ամենաարագ աճող էլեկտրական մեքենաների շուկան: Նրանք կարծում են, որ իրենք կհաղթեն: Դե, ես նրանց համար նորություններ ունեմ. նրանք չեն հաղթի այս մրցավազքում: Մենք նրանց թույլ չենք տա»,- խոստացել է Բայդենը:
Նշենք՝ Միչիգանում գտնվող գործարան այցելելիս Բայդենն անձամբ փորձարկել է նոր Ford F-150 Lightning էլեկտրական բեռնատարը: Նախատեսվում է, որ այս մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 19-ի առավոտյան: