Ռուսաստանում կինը ստիպված է եղել հիվանդանոցից պատգարակով տուն հասցնել հաշմանդամ ամուսնուն՝ անցնելով 3,5 կմ (տեսանյութ)
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի բնակչուհին ստիպված է եղել 3,5 կմ տարածություն անցնել` հաշմանդամ ամուսնուն պատգարակով տանելով Կստովո քաղաքի փողոցներով, քանի որ կնոջ պնդմամբ` տղամարդուն հրաժարվել են տուն հասցնել շտապ օգնության մեքենայով:
Ինչպես հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի թելեգրամյան ալիքներից մեկին, հիվանդանոցից միևնույն ժամանակ հայտնում են, որ կինն ինքնակամ է վերցրել պատգարակն ու որոշել ամուսնուն տանել բուժհաստատությունից:
Աղբյուրի տվյալներով` թոշակառու տղամարդը առաջին խմբի հաշմանդամություն ունի, նա չի կարողանում շարժել ոտքերը: Տղամարդը վիրահատության կարիք ուներ: Նրան շտապ օգնությամբ հասցրել էին հիվանդանոց: Կնոջ խոսքով` նրան չեն համաձայնել վիրահատել` ասելով, որ դա չափազանց վտանգավոր է:
Շտապ օգնությունը հրաժարվել է նրան տուն տանել` նշելով, որ իրավունք չունի հետ տանել հիվանդին: Շտապ օգնության վճարովի ծառայության համար կինը գումար չի ունեցել, իսկ տաքսի տղամարդուն նստեցնել հնարավոր չէ: Այդ պահին կինը որոշել է պատգարակ վերցնել և ամուսնուն տուն տանել:
Բժիշկներն, այնումանայնիվ, պնդում են, որ չեն մերժել հիվանդի տեղափոխության հարցում և արդեն մեքենա էին պատրաստել նրան տուն հասցնելու համար: Բժիշկները կնոջը խնդրել են սպասել մեքենային, սակայն վերջինս ինքնակամ հեռացել է բուժհաստատությունից:
Տեսանյութն` այստեղ: