ՄՕԿ-ը հավաստիացնում է՝ Ճապոնիայում Օլիմպիական խաղերն անվտանգ կանցնեն
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) անհանգստացած Ճապոնիային հավաստիացրել է, որ Օլիմպիական խաղերն անվտանգ կլինեն մարզիկերի, ինչպես նաև հյուրընկալող համայնքների համար՝ խաղերի անցկացման հետևանքով կորոնավիրուսային վարակի տարածման վախով պայմանավորված ընդվզման ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համոզմունք է հայտնել, որ հուլիսի 23-ին մեկնարկող Խաղերից առաջ հյուրընկալող համայնքների 80 տոկոսը պատվաստված, կամ պատվաստվելու համար գրանցված է լինելու։ Նա հերքել է կորոնավիրուսային համավարակի պատճառով արդեն մեկ անգամ հետաձգված Խաղերը կրկին հետաձգելու նպատակով աճող կոչերի մասին տեղեկությունը և նշել, որ տեղի ունեցած մարզական միջոցառումները փաստում են, որ ուժեղացված նախազգուշական միջոցառումների պայմաններում Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել։
Լրատվական գործակալությունը նշում է, որ Ճապոնիայում պատվաստումների արշավից 3 ամիս անց պատվաստվել է բուժանձնակազմի 40 տոկոսից պակասը, իսկ Տոկիոյում պատվաստվել է բուժանձնակազմի ոչ ավել քան 30 տոկոսը։
Վերոնշյալին անդրադառնալով՝ Բախը նշել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն անելու է ամեն բան Ճապոնիայի հասարակությանն անվտանգ պահելու համար, որի նպատակով պատվիրակության կազմում լինելու է լրացուցիչ բժշկական անձնակազմ՝ բժշկական գործողություններին աջակցելու և խստորեն իրականացնելու կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված քայլերը։
Հիշեցնենք, որ Տոկիոն և Ճապոնիայի մյուս խոշոր քաղաքները գտնվում են արտակարգ ռեժիմի պայմաններում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային վարակի տարածմամբ։