Թուրքիան հակասեմական հռետորաբանությամբ գերազանցել է Իրանին, իսկ էրդողանը իսրայելա-պաղեստինյան հակամարտության «կրակի վրա յուղ է լցնում»․ The Jerusalem Post
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերջին ութ օրերի ընթացքում Թուրքիան կտրուկ ուժեղացրել է իր հակասեմական հռետորաբանությունը, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մինչ Վաշինգտոնն աշխատում է Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև պատերազմի դադարեցման ուղղությամբ, Անկարան տարածաշրջանում զինված հակամարտության «կրակի վրա յուղ է լցնում», գրում է The Jerusalem Post-ը:
Հոդվածագիր Սեթ Ֆրանցմանի խոսքով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի քաղաքական ղեկավարության մեկնաբանությունները ներկայացվում են երկրի կառավարամետ ԶԼՄ-ներում։
Օրինակ՝ Yeni Şafak թերթը, որը սպասարկում է Էրդողանի ռեժիմին, ավելի վաղ Անկարային կոչ էր արել Իսրայելի վրա հարձակվելու համար գլխավորել «Իսլամական դաշինքը», որի կազմում, թերթի համաձայն, պետք է ընդգրկվեն Թուրքիան, Իրանը, Կատարը, Մալայզիան և Պակիստանը։
«Թուրքիան հակասեմական հռետորաբանությամբ գերազանցել է նույնիսկ Իրանին։ Թուրքիայի կողմից հակասեմականություն է հրահրվում ոչ միայն այդ երկրի տարածքում, այլև արտասահմանում։ Եվրոպայում բազմաթիվ հակասեմական հանրահավաքների ժամանակ կարելի է տեսնել թուրքական դրոշներ»,- եզրափակում է The Jerusalem Post-ը։