Պենտագոնը նոր ծրագրով կստուգի զինվորականների սոցցանցային էջերը` ծայրահեղականությանը հնարավոր հակվածության առկայությունը պարզելու համար. Intercept
Պենտագոնը նախատեսում է սկսել ծրագիր, որի շրջանակում կստուգի ԱՄՆ զինվորական անձնակազմի սոցցանցային էջերը` ստուգելու համար զինծառայողների մոտ ծայրահեղականության հնարավոր հակվածության և դրա հետ կապված տեղեկատվության առկայությունը:
Այս մասին հաղորդում է Intercept-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքին փաստաթղթերը:
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունում կոմիտեն ներկայում մշակում է մի ծրագիր, որը թույլ է տալիս «շարունակական հիմունքներով» վերահսկել զինվորականների՝ սոցիալական ցանցի էջերը ծայրահեղական հայտարարությունների և կասկածելի վարքի առկայությունը ստուգելու համար: Նշվում է, որ ծրագիրը կգործի մասնավոր ընկերություններից մեկի հետ համատեղ:
Մարտին Պենտագոնը զեկույց էր հրապարակել, որով նախազգուշացնում էր աջ ծայրահեղականության և ռազմական ռասիզմի վտանգների մասին: Զեկույցը պատվիրել էր Կոնգրեսը հունվարի 6-ի դեպքերից մի քանի ամիս առաջ, երբ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին ԱՄՆ Կապիտոլիումը`փորձելով կանխել ընտրությունների արդյունքների հաստատումը:
Ռազմաօդային ուժերի վետերան Էշլի Բաբիթը բախումների հետևանքով երկու զոհից մեկն էր: Այս հանգամանքը Պենտագոնին դրդել է արագացնել աշխատանքները:
Անկարգությունների համար ձերբակալված և մեղադրվող տասնյակ մարդկանց թվում էին և՛ աջ ծայրահեղականներ, և՛ նախկին զինվորականներ, և՛ նրանք, որոնք միաժամանակ պատկանում էին այս երկու կատեգորիաներին: