Եվրոպայում հակասեմականության աճ է գրանցվել
Մերձավոր Արեւելքում լարվածության սրման համատեքստում Եվրոպայում, նախ եւ առաջ՝ Գերմանիայում, ակտիվացել են հարձակումները հրեական համայնքների վրա, հայտարարել են Եվրոպական հրեական կոնգրեսում (ԵՀԿ):
«Հրեաների եւ հրեական օբյեկտների վրա հարձակումները միշտ դրդված են հակասեմականությունից՝ անկախ նրանից, թե ինչպես են դրանք փորձում կապել աշխարհաքաղաքական բնույթի իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում 3000 մղոն հեռավորության վրա այն վայրերից, որտեղ գրանցվում են այդպիսի դեպքերը: Մենք եւս մեկ անգամ ականատես ենք Իսրայելի եւ դրա՝ «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական գրոհներից պաշտպանվելու իրավունքի մասին կեղծ եւ ատելությամբ լի հերյուրանքների տարածմանը, որոնք հրեաների նկատմամբ ատելություն եւ հարձակումներ են հրահրում եվրոպական երկրներում»,- մեջբերում է մամուլի ծառայությունը ԵՀԿ ղեկավար Վյաչեսլավ Մոշե Կանտորի խոսքերը:
Նրա խոսքով՝ հարձակումների թիրախը ԵՄ երկրների հրեական համայնքներն են: Առաջին հերթին ՝ Գերմանիայում, որտեղ ավելի վաղ անհայտ անձինք քարեր էին նետել Բեռլինի սինագոգի պատուհանների վրա եւ այրել էին Իսրայելի դրոշը: Իսրայելի խորհրդանիշների հետ կապված համանման միջադեպ, ինչպես նշել են ԵՀԿ-ում, տեղի էր ունեցել Մյունստերի սինագոգի մոտ, իսկ Դյուսելդորֆում անհայտ անձինք պղծել էին հրեական հուշահամալիրը: