Արամ Պաչյանի «P/F» վեպն արժանացել է Եվրոպական միության Գրական մրցանակին
Մայիսի 18-ին՝ Բրյուսելից հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում, կայացել է Եվրոպական միության Գրական մրցանակի 2021 թ․ դափնեկիրների ներկայացման արարողությունը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ յուրաքանչյուր երկրի հաղթած ստեղծագործություն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային հանձնաժողովի կողմից:
Մրցանակակիր հեղինակների անունները հայտարարել են ազգային հանձնաժողովի նախագահները․ Հայաստանում այդ դերը ստանձնել էր գրող Արմեն Հայաստանցի Օհանյանը, ով հնչեցրել է ԵՄ Գրական մրցանակին արժանացած առաջին հայ հեղինակի անունը՝ Արամ Պաչյան, «P/F» վեպ:
«Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպական Գրական մրցանակաբաշխությանը, և ես շատ ուրախ եմ, որ այն շնորհվում է հայ ժամանակակից արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկին՝ Արամ Պաչյանին՝ իր «P/F» վեպի համար։ Այս վեպը նորարարական է, կոտրում է մեր ավանդական պատկերացումները վեպի մասին, բերում ձեն-բուդդիստական մոտիվներ, ընթերցվում է որպես պոետիկ մանտրաների մի ժողովածու կամ չթվագրված օրագրային գրառումների մի հավաքածու, քարտեզագրում է շատ անձնական պաչյանական Երևանը։ Սա մի գիրք է, որը ոչինչ չի պարտադրում ընթերցողին՝ բացի ընթերցվելու և անվերջ ընթերցվելու հաճույքը»,- իր ելույթում ասել է հայաստանյան ազգային հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Հայաստանը, ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ (այժմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն), պաշտոնապես միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: Այն Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ նախագիծն է, որը ֆինանսավորում է նաև 2009 թվականին մեկնարկած Եվրոպական միության գրական մրցանակը (EUPL): Նախաձեռնությունն ամբողջ Եվրոպայում հանրահռչակում է ճանաչման ուղին բռնած արձակագիրներին։ Մրցանակը յուրաքանչյուր երկրից շնորհվում է ամեն տարի ընտրված մեկական հեղինակի։ 2021 թ․-ին այդ երկրները 14-ն էին, իսկ Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։
Արամ Պաչյանի ստեղծագործությունն ընտրվել է Հայաստանը ներկայացնող 5 ստեղծագործություններից, դրանք էին՝ Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին», Հովիկ Աֆյանի «Կարմիր», Արամ Պաչյանի «PF», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի»: