Հնդկաստանում շուրջ 40 մարդ է զոհվել արևադարձային ցիկլոնի պատճառով (լուսանկարներ)
Անցած երկու օրն առնվազն 38 մարդ է զոհվել Հնդկաստանի արևմուտքում սաստիկ քամու և հուժկու տեղատարափ անձրևների պատճառով, որոնք բերել է «Թաուքթաե» արևադարձային ցիկլոնը:
Ինչպես մայիսի 19-ին հայտնել է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները, առնվազն 13 մարդ է զոհվել Գուջարաթի նահանգում, ևս առնվազն 17-ը՝ Մահարաշթրայի նահանգում: Ավելի վաղ հաղորդվել է ութ զոհվածի մասին Քառնաթաքայի նահանգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ցիկլոնը, որն անցած շաբաթվա վերջում առաջացել է Արաբական ծոի Լաքադիվյան կղզիների շրջանում՝ Հնդկաստանի հարավ-արևմտյան ափի մոտ, մայիսի 16-ին և 17-ին անցել է Հնդկաստանի արևմտյան ափի երկայնքով՝ հետը բերելով հուժկու տեղատարափներ և ժամում 155–165 կիլոմետր արագությամբ քամի՝ ժամում մինչեւ 190 կիլոմետր պոռթկումներով:
Մայիսի 18-ի գիշերը ցիկլոնը մոտեցել է Գուջարաթի նահանգին և սկսկել է անցնել ցամաք՝ աստիճանաբար նվազեցնելով ինտենսիվությունը: Ինչպես մայիսի 19-ին լրարգողներին հայտնել է Գուջարաթի գլխավոր նախարար Վիջայ Ռուփանին, վնասվել է ավելի քան 16 հազար տուն, 40 հազարից ավելի ծառ և 70 հազարից ավելի էլեկտրական սյուն և էլեկտրահաղորդման կայմ տապալվել են փոթորկաբեր քամուց, 5951 գյուղ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Մահարաշթրայում նախնական գնահատումը հայտնաբերել է ավելի քան 11 հազար տների մասնակի վնասում: Ավերածություններ կան Քառնաթաքայի և Գոայի նահանգներում:
Իշխանությունները շարունակում են տեղեկատվություն հավաքել տուժածների և ավելածությունների մասին: Ներկայում «Թաուքթաե»-ն «շատ սաստիկ ցիկլոնային փոթորկից» թուլացել է մինչև «ցիկլոնային փոթորիկ» և շարժվում է Գուջարաթի ափից դեպի հյուսիս-արևելք՝ հետ տանելով սաստիկ տեղատարափները: