«Մոսկվան պատրաստ է բանակցային հարթակ տրամադրել Իսրայելին և Պաղեստինին». ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ
Մոսկվան պատրաստ է Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների համար հարթակ դառնալ, ինչի մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, գրում է iz.ru-ն:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք հետևողականորեն հանդես ենք եկել նման գագաթնաժողովի անցկացման օգտին, և մեր դիրքորոշումը չի փոխվել: Շատ ուրախ կլինենք Մոսկվայում տեսնել պաղեստինցիներին և իսրայելցիներին: Մենք թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ բավական լավ հարաբերություններ ունենք»,-ասել է Պոլյանսկին:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն հնարավոր ամեն բան կանի, որպեսզի այդ բանակցությունները հաջող ընթանան: Ըստ պաշտոնյայի` ռուսական կողմի դիրքորոշումը կշռադատված և հավասարակշռված է:
«Կարգավորումն արդյունավետ չի լինի, եթե միանշանակ կանգնենք կողմերից որևէ մեկի կողքին և չփորձենք որևէ փոխզիջում գտնել»,-հավելել է նա:
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը` երեխա և ավելի քան 34-ը` կին, վիրավորվել է մոտ 1500 մարդ, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12 է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվն առնվազն 300 է։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հակառակ սրվող իրավիճակին՝ արդեն 10-րդ օրն է ինչ Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերը չեն կարողացել առաջընթաց գրանցել: