Բայդենը «Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորի դեմ պատժամիջոցներ չի կիրառի, որպեսզի չփչացնի հարաբերությունները Գերմանիայի հետ. Axios
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ չի կիրառի «Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատոր «Հյուսիսային հոսք 2 ԱԳ» և նրա տնօրեն Մաթիաս Ուորնիգի նկատմամբ:
Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով իրազեկ 2 աղբյուրի խոսքերը:
Պարբերականի տեղեկություններով՝ առաջիկայում Պետդեպարտամենտը պարտադիր զեկույց կուղարկի Կոնգրես՝ գազատարի կառուցմանը ներգրավված կազմակերպությունների ցուցակով: Դրանում կշեշտվի, որ «Հյուսիսային հոսք 2 ԱԳ»-ն զբաղվում է պատժամիջոցների կիրառմանը ենթակա գործողություններով, բայց միևնույն ժամանակ Պետդեպարտամենտը կհրաժարվի դրանց օգտագործումից՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ազգային շահերը:
Ինչպես գրում է Axios-ը, Բայդենի վարչակազմը պատժամիջոցներ չի կիրառելու շինարարության օպերատորի նկատմամբ, քանի որ չի ցանկանում գազատարի պատճառով փչացնել հարաբերությունները Գերմանիայի հետ: Շինարարության դադարեցումը, Սպիտակ տան կարծիքով, հնարավոր կլինի միայն այս երկրում գազի վերջնական սպառողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոցով:
Միևնույն ժամանակ, ըստ թերթի, ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի շինարարությունում ներգրավված մի քանի ռուսական նավերի նկատմամբ:
Նշենք՝ այժմ «Հյուսիսային հոսք 2»-ն 95 տոկոսով պատրաստ է: Ծրագիրը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել սեպտեմբերին:
Միացյալ Նահանգները, որը ցանկանում է գազ արտահանել Եվրոպա, երկար տարիներ հետևողականորեն դեմ է արտահայտվել «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը:
Ավելի վաղ Վաշինգտոնը մի քանի անգամ պատժամիջոցային սահմանափակումներ է կիրառել շինարարությանը ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի պատճառով նրանցից շատերը դուրս են եկել նախագծից, և գործընթացը դադարեցվել է: