ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին միջազգային հանրությանը կոչ է արել բոյկոտել Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերը, հաղորդում է The Guardian-ը։
Փելոսիի խոսքով՝ բոյկոտի շրջանակներում «աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք է հրաժարվեն մասնակցել ՉԺՀ-ում կայանալիք Օլիմպիական խաղերին»:
«Եկեք պետությունների ղեկավարների՝ Չինաստան ուղևորությամբ չպատվենք չինական կառավարությանը»,- կոչ է արել Փելոսին:
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուն, Փելոսիի կոչին ի պատասխան, Twitter-ում գրել է. «Որոշ ամերիկացի քաղաքական գործիչների՝ Չինաստանի ներքին գործերին միջամտելու, Օլիմպիական խաղերը խեղաթյուրելու փորձերը դատապարտված են ձախողման և արհամարհանքով կմերժվեն միջազգային հանրության կողմից։ Մենք վճռականորեն դեմ ենք սպորտի քաղաքականացմանը»։
Ինչպես անցյալ շաբաթ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Միացյալ Նահանգների իշխանություններն այս պահին չեն քննարկում Չինաստանում Ձմեռային օլիմպիական խաղերի բոյկոտի հնարավորությունը»։
«Մենք այս պահին կենտրոնացած չենք բոյկոտի հարցի վրա, չենք դիտարկում այդ հարցը։ Օլիմպիական խաղերին դեռ մեկ տարի կա», - ասել էր Բլինկենը:
Հաղորդավարի ճշտող հարցին, թե «այնուամենայնիվ, տեսնում է Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորություն», ԱՄՆ պետքարտուղարը դրական պատասխան էր տվել։
«Երբեք մի ասա երբեք։ Պարզապես դա այն հարցը չէ, որի շուրջ հիմա քննարկումներ ենք ունենում», - պատասխանել էր Բլինկենը։
Նշենք, որ Կանադայի, Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքական գործիչները, ինչպես նաև տարբեր երկրներից շուրջ 200 իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ավելի վաղ կոչ էին արել բոյկոտել Չինաստանում Ձմեռային օլիմպիական խաղերը։ Պատճառը Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանում ՉԺՀ-ին վերագրվող զանգվածային ճնշումներն են։
20-րդ Ձմեռային օլիմպիադան տեղի կունենա Պեկինում՝ 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը: