Մակրոնն առաջարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և առաջարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մակրոնը Եգիպտոսի, Հորդանանի և Թունիսի ղեկավարների հետ բանակցություններից հետո:
Մակրոնը բանակցությունների ժամանակ է հայտնել, որ հակամարտության էլ ավելի սրվելու և բռնության աճի ռիկս կա, ինչը քաղաքական փակուղու առաջ է կանգնեցրել Պաղեստինին և Իսրայելին: Ֆրանսիայի նախագահը դատապարտել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածները, ցավակցություն հայտնել բազմաթիվ անմեղ պաղեստինցիների մահվան կապակցությամբ:
«Նախագահ Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել կրակի շուտափույթ դադարեցման և հրադադարի հաստատման ուղղությամբ: Մասնավորապես, Մակրոնը հույս ունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կկարողանա պայմանավորվածություն ձեռք բերել համապատասխան բանաձև ընդունելու հարցում»,- նշված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:
Մայիսի 18-ին կայացած նիստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արդեն չորրորդ անգամ չի հաջողվել համատեղ հայտարարություն կամ բանաձև ընդունել խնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: