Ես պարտավոր էի վերցնել հայրիկիս շնորհված կոչումը․ Հայկ Տեր-Թադևոսյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Մայիսի 8-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Այն Կոմանդոսի որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին հանձնել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: Վերոնշյալի և այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք անձամբ լեգենդար, լուսահոգի գեներալի որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի հետ:
-Պարոն Տեր-Թադևոսյան, Ձեր հայրիկին շնորհված Ազգային հերոսի կոչումը Ձեզ հանձնեք այն անձը, ում ղեկավարության օրոք լեգենդար Կոմանդոսի ազատագրած Շուշին օկուպացվեց թշնամու կողմից: Սա միանշանակ չընդունվեց հանրության կողմից, մեկնաբանեք խնդրեմ:
- Հայրիկս եղել է Հայաստանի Հանրապետության զինվոր, ով իր գիտակցական ողջ կյանքում ծառայել է հայրենիքին և Արցախին և մինչև վերջ կատարել է իր պարտքը հայրենիքի նկատմամբ: Ես այդ կոչումը ստացել եմ ՀՀ ղեկավարից: Ես պարտավոր էի վերցնել հայրիկիս շնորհված կոչումը: Ես չեմ ցանկանում անդրադառնալ կոնկրետ անձի, մեզ համար ցավալի են տարատեսակ շահարկվող խոսակցությունները:
- Որպես Կոմանդոսի որդի՝ ինչպես եք տեսնում ՀՀ-ի ապագան:
- Գիտեք, հայ ժողովրդին միշտ բարդ ճակատագիր է բաժին հասել: Վերջին պատերազմում մենք ունեցանք մեծ զոհեր, բայց ես հավատում եմ, որ սա հայ ազգի պատմության վերջին էջը չէ. հայ ազգը եղել է, կա ու կմնա: Ես հավատում եմ և լիահույս եմ, որ շատ շուտով հայ ազգը ևս մեկ անգամ համաշխարհային պատմության մեջ ոսկյա տառերով կգրի իր նոր հաղթանակների մասին, և մենք կապացուցենք աշխարհին, որ մենք իրապես արժանապատիվ ազգ ենք:
- Ո՞րն է եղել Ձեր հայրիկի ամենակարևոր պատգամը, որը պարբերաբար Ձեզ հիշեցրել է:
-«Կյանքս՝ հայրենիքիս, պատիվս՝ ոչ մեկին»: Սա է եղել հայրիկիս ամենամեծ պատգամը մեզ: Հայրիկս մեզ մեծացրել է զինվորականի ոգով, միշտ ասում էր, որ հայրենիքից վեր բարձրագույն արժեք չկա, որ հանուն հայրենիքի երբեք ոչինչ չխնայենք: Այլ խոսքով ասած՝ զինվորականի ոգով դաստիարակված մարդ եմ: Առաջին նվերը, որը ստացել եմ 17 տարեկանում, դա «Մարտական կանոնադրություն» գիրքն է, այդ գրքով եմ ես դաստիարակվել: Մեր ընտանիքի համար հայրենիքն է բարձրագույն արժեք, այդպես եղել է և այդպես շարունակվելու է նաև հայրիկիս մահից հետո»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։