Voice of America. Թուրքիան նախատեսում է ավելի շատ ռուսական ռազմական զենք գնել
Թուրքիան նախատեսում է ավելի շատ ռուսական ռազմական զենք գնել` չնայած ԱՄՆ-ի հակազդեցությանը:
Անկարան արդեն հակաօդային պաշտպանության լրացուցիչ հրթիռներ գնելու մասին գործարք է կնքել Մոսկվայի հետ, հաղորդում է Voice of America-ն՝ հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին:
2019-ի հուլիսին Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթային հրթիռների ձեռքբերումը ԱՄՆ-ին դրդել է Անկարային հանել իր F-35 անտեսանելի կործանիչների մշակման ու արտադրության ծրագրից եւ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեմ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» (CAATSA) օրենքին համապատասխան:
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բազմիցս կոչ է արել Թուրքիային հրաժարվել С-400-ներից եւ չեղարկել նոր համակարգեր գնելու պլանները:
Անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել էր Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների մասին, եթե նա չհրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից:
Թուրքիան ասում է, որ չի փոխի С-400-ի հետ կապված իր մտադրությունը:
Անկարան Ռուսաստանից ռազմական նոր գնումներ չի կատարի այնքան ժամանակ, մինչեւ հաջորդ ամիս ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չհանդիպի Ջո Բայդենի հետ, ասում են վերլուծաբանները:
«Վաշինգտոնը միայն ստիպում է Թուրքիային ավելի խորացնել իր ռազմական կապերը Ռուսաստանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Քաշինը՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի տրամադրում Թուրքիայի համար անհրաժեշտ մարտական ինքնաթիռներ: «Մեզ 200 մարտական ինքնաթիռ է պետք: Բայց եթե ԱՄՆ-ը չտրամադրի այդ ինքնաթիռները, մենք կկարողանանք ռուսական մարտական ինքնաթիռներ գնել»,- ասել է Քաշինը։